Պուտինը պետք է ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանության, այլ ժողովրդի ու երկրի հետ. Աշոտ Մանուչարյան

12:23 • 27.11.13

Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի թե՛ Եվրոպական միության, թե՛ Ռուսաստանի հետ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և ընդգծեց, որ այսօր իրականում արևմտյան քաղաքակրթությունը մահանում է, և այսօր չի ստեղծվել նոր համակարգ, որը այն կփոխարինի:

 

«Արևմուտքի համար կարևոր է, որպեսզի կարողանան հետ պտտել Հայաստանի` Մաքսային միության վերաբերյալ կատարված ընտրությունը: Մենք ունենք համադրման հսկայական պոտենցիալ: Մենք չենք կարող բարեկամական հարաբերությունների մեջ լինել մի համակարգի հետ և թշնամական՝ մեկ այլ համակարգի»,-ասաց նա:

 

Հարցին, թե հակասություն չկա՞, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, իսկ ՌԴ-ը զենք է վաճառում Ադրբեջանին, Մանուչարյանը պատասխանեց, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հետ ձգտում է որոշակի հարաբերություններ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանի:

 

«Ռուսաստանը ցանկանում է վերականգնել աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և հենց այդ նպատակով փորձում է իր վերահսկողությունը հաստատել Ադրբեջանի նկատմամբ, որն այժմ գտնվում է անգլո-սաքսոնական և իսրայելական ազդեցության տակ»,-ասաց նա:

 

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցին Մանուչարյանը նշեց, որ Պուտինը գիտակցում է, թե ժողովուրդը ինչ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ:

 

«Պետք է ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանության, այլ ժողովրդի ու երկրի հետ»,-ասաց նա: