«Ջարդենք, փշրենք»-ով հնարավոր չէ դուրս գալ պայքարի. «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ի նախագահ
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առաջարկում է միավորվել և կառավարությանը դատի տալ անգործության համար: Վերջինս նշեց, որ այս առաջարկի համար հիմք է հանդիսանում այն, որ ժողովրդի շրջանում տարեցտարի իջնում է սոցիալական պաշտպանվածության աստիճանը:
Խոսելով հասարակական-քաղաքական շարժումների մասին, Խաչատուր Մարոզյանն ասաց, թե հասարակական ինստիտուցիոնալ կառույցները վարակված են ցինիզմ կոչվող հիվանդությամբ: Ըստ նրա՝ «գնանք, ջարդենք, փշրենք» եզրույթներն օգտագործելով հնարավոր չէ դուրս գալ պայքարի և հարցեր լուծել:
«Թշնամին ոչ թե կառավարությունն է, Ազգային ժողովն է, այլ այսօր մեր դեմ կանգնած է անհիմն հարստացած օլիգարխիան: Իսկ նրանց դեմ հատուկենտ ընդվզումներով պայքարելն, իհարկե, օգուտ է, բայց եթե չլինի համաժողովրդական, մեկ կենտրոնից ղեկավարվող շարժում, արդյունքի չենք հասնի»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ այսօրվա ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունների մեջ ինքը չի տեսնում այն ղեկավարին, որը կկարողանա կառավարել համաժողովրդական շարժումը:
«Գաղափարական պայքարը հանաք մասխարա չէ: Պետք են լիդերներ, որոնք չեն կառավարվում իշխանությունների կողմից: Որքան իշխող կուսակցությունն է մեղավոր իր անգործության մեջ, նույնքան էլ ընդդիմությունը»,-կարծիք հայտնեց իրավաբան-հոգեբանը՝ եզրափակելով, որ հասարակության հետևողական պայքարի միջոցով է հնարավոր լուծել բոլոր հարցերը:
Նույն թեմայի մասին խոսելով դիրիժոր, Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն ասաց, թե այսօր պայքարի համար ամենամաքուր դաշտը քաղաքացիականն է:
«Մենք ունեցել ենք ընդդիմադիր գործիչներ, բայց չենք ունեցել ընդդիմադիր կուսակցություններ»,-նկատեց Նախախորհրդարանի անդամը՝ ընդգծելով, թե միայն հասարակության հետևողական պայքարի միջոցով է հնարավոր լուծել առկա խնդիրները:
«Չկա պայքար, որ արդյունք չտա: Միակ լուծումը փողոց դուրս գալն է: Հասարակությունը պետք է հասկանա, որ բլից հաղթանակներ, պարտադիր չէ, որ լինեն: Եթե կա տևական աշխատանք, համառություն և գրագետ պայքար, ապա արդյունքը տեսանելի կլինի»,-ասաց Վարդան Հակոբյանը, հավելելով, թե հասարակությունը պետք է լինի այն կորիզը, որի հիման վրա էլ կկառուցվի պետությունը:










