Պոլիոմիելիտի համաճարակն արդեն հասել է Դամասկոս ու Հալեպ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է, որ պոլիոմիելիտի համաճարակը շարունակում է տարածվել Սիրիայում և արդեն հասել է խոշորագույն 2 քաղաքներ՝ Դամասկոս ու Հալեպ։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ԱՀԿ-ն այս մասին տեղեկացրել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ վարակի ևս 15 դեպք է գրանցվել Դեյր էզ Զոր նահանգում։
Կազմակերպության խոսնակ Սոնա Բարին նշել է, որ սիրիացիներին վարակից հեռու պահելու համար անհրաժեշտ պատվաստանյութերը պատերազմական գործողությունների պատճառով հնարավոր չէ ժամանակին տեղ հասցնել։
Սիրիայում պոլիոմիելիտի վերջին դեպքը գրանցվել էր 1999թ.։ Բացի Սիրիայից, պոլիոմիելիտի համաճարակ կա նաև Պակիստանում, Աֆղանստանում և Նիգերիայում, որտեղ արդեն 25 տարի է, ինչ այս հիվանդությունն արմատախիլ անելու ջանքեր են գործադրվում։










