Ամերիկացիների կեսից քիչն է հավանություն տալիս Իրանի հետ համաձայնագրին. հարցում
Ժնևում «վեցյակի» և Իրանի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ հավանության է արժանացնում միայն հարցված ամերիկացիների 44 տոկոսը, վկայում են Reuters-ի և սոցիոլոգիական Ipsos ծառայության հարցումների տվյալները, հաղորդում է Взгляд-ը:
Սոցիոլոգների համաձայն՝ Իրանի հետ համաձայնությանը հավանություն է տալիս հարցվածների 44 տոկոսը, մինչդեռ դրան դեմ է արտահայտվել հարցվածների 22 տոկոսը: Ներկայիս գործարքի չհաջողվելու դեպքում Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին է արտահայտվել հարցվածների 49 տոկոսը: Հարցմանը մասնակցածների 31 տոկոսը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի բանակցային գործընթացը: Ընդ որում՝ միայն 20 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ն պետք է ռազմական ուժ կիրառի Իրանի դեմ:
Հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները շարունակում են զգուշությամբ վերաբերվել Իրանին, սակայն չեն ցանկանում զինված հակամարտության մեջ մտնել միջուկային ծրագրի պատճառով:










