Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն և կարձանագրվի, որ ՀՀ-ն պետք է շարունակի երկխոսությունը ԵՄ-ի հետ. Է. Շարմազանով
Վիլնյուսում կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվեն իրականացված բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև՝ այն, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ընդգծելով, որՀՀ իշխանությունները վճռական են՝ շարունակելու Եվրոպայի հետ համատեղ կատարվող բարեփոխումները:
Հարցին, թե՝ ի՞նչ են ակնկալում իշխանությունները, քանի որ նախագահը ևս մեկնում է Վիլնյուս՝ մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և ամբողջական և պայմանավորված չէ այլ պետությունների քաղաքականությամբ: Հայաստանն իրականացնում է քաղաքականություն, որը բխում է բացառապես՝ ՀՀ պետական շահերից: Նախագահի այցը Վիլնյուս վկայում է մի կարևորագույն փաստի մասին, այն է՝ Հայաստանը շարունակելու է իր քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքականությունը լիարժեք ըմբռնում ունի թե´ Բրյուսելում, թե´ ՌԴ-ում:
«ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը, իսկ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան խոսում է այն կարևորագույն փաստի մասին, որ շարունակելու ենք խորացնելդաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է պնդումներին, թե Վիլնյուսում ստորագրվելու է դեկլարատիվ փաստաթուղթ, Շարմազանովն ասաց. «Ես համամիտ չեմ ընդդիմադիր գործիչների այդ հայտարարությունների հետ: Երևի նրանց քնելու առիթ չի տալիս այն, որ հայտնվել են քաղաքական պրոցեսներից դուրս ու հիմա ամեն ինչ վատաբանում են: Ընդունվելու է համատեղ հայտարարություն Եվրամիության և Հայաստանի միջև, որը բխում է մեր պետության շահերից: Եթե այդ ընդդիմադիրների բան ու գործն է՝ ամեն ինչ սևացնել, ապա կարիք չեմ համարում նրանց մեկնաբանել»:










