Պետական այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

15:53 • 27.11.13

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։


Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:


Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:


ՌԴ նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: