Տիմոշենկոն դեմ է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքներին կուսակցական խորհրդանիշներ օգտագործելուն

10:34 • 27.11.13

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել երկրի քաղաքական ուժերին չօգտվել կուսակցական խորհրդանիշներից եվրաինտեգրման կուրսի դադարեցման դեմ բողոքի հանրահավաքների ժամանակ և ստեղծել «եվրամայդանի» միասնական խորհուրդ: Այդ մասին ասված է Տիմոշենկոյի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է նրա դուստրը՝ Եվգենյան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

«Հանուն մեր նպատակի, հանուն մեր միավորման, հանուն մեր երկրի և մեր հաղթանակի՝ ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին հեռացնել կուսակցական խորհրդանիշները, կուսակցական դրոշները, վրանները և կոչերը»,- նշել է նախկին վարչապետը:

 

«Մեզ պետք է արդյունք՝ Ասոցացման համաձայնագիր, այլ ոչ կուսակցական մրցակցության գործընթաց։ Ես խնդրում եմ բոլորին ստեղծել եվրամայդանի միասնական խորհուրդ, որտեղ հրավիրել բոլոր ակտիվ հասարակական և կուսակցական թիմերի ներկայացուցիչներին: Աշխատեք միասին, որոշեք միասին: Այդ միասնական խորհրդում պետք չէ ոչ մի ղեկավար, համակարգող և կազմակերպիչ»,- հավելել է Տիմոշենկոն:

 

Նա նշել է, որ նպատակը Եվրոպան է: «Ուկրաինան Եվրոպա է:Կամ համաձայնագրի ստորագրում, կամ Յանուկովիչը նախագահ չէ»,- հայտարարել է նախկին վարչապետը: