Իրանը հրավիրել է ԱԷՄԳ-ի փորձագետներին այցելել «Արաք» միջուկային կայան
Իրանի իշխանությունները հրավիրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին դեկտեմբերի 8-ին այցելել ծանր ջրի արտադրությամբ զբաղվող «Արաք» միջուկային կայան։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Agence France Presse-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն «Արաք»-ում միջուկային ռեակտորի կառուցման աշխատանքները, սակայն միջուկային վառելիք չի արտադրվի։
Նշվում է, որ վերջին այցն «Արաք» միջազգային փորձագետներն իրականացրել են 2011թ. օգոստոսին։
Հիշեցնենք, որ օրերս Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև պատմական միջուկային համաձայնություն է ձեռք բերվել, որը ենթադրում է Իրանի կողմից ուրանի հարստացման մինչև 5% սահմանափակում, իսկ Արևմուտքը պետք է վերացնի կամ էլ թուլացնի իսլամական պետության դեմ կիրառվող պատժամիջոցները։










