Կունենանք փաստաթուղթ, բայց այն ի՞նչ կանվանենք՝ ճաշակի հարց է. Կարեն Բեքարյան
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը գտնում է, որ Վիլնյուսում այսօր տեղի ունեցող Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովից Հայաստանը կարող է ակնկալել, որ մի ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, բայց թե Հայաստանում ի՞նչ կանվանեն այդ փաստաթղթին՝ ճաշակի հարց է:
«Մենք դրան ի՞նչ կանվանենք՝ ճաշակի հարց է, բայց մի բան փաստ է, որ այն կարճ ժամանակահատվածում, որը հաջորդել է սեպտեմբերի երեքին, բնական է պատկերացնել, որ փաստաթղթի նորացում որևէ կերպ հասցնել չէր լինի: Նման բան ակնկալելը կլինի միամտություն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ գագաթաժողովն ինչ-որ կերպ շտկումներ կմտցնի Արևելյան գործընկերության ռազմավարության և մարտավարության մեջ շատ ավելի լայն կտրվածքով: Իսկ կոնկրետ Հայաստանի մասով կարծում է, որ ինչ-որ ձևով կլինի փաստաթուղթ, կարող է լինել հուշագիր համագործակցության վերաբերյալ, բայց ամբողջ իմաստը պետք է կայանա նրանում, որ ինչ-որ ձևով համագործակցություն պետք է տեղի ունենա:
«Դրանից հետո արդեն 2014թ., երբ կանցնեն այս բոլոր ամանորյա տոները, կսկսվի բանակցային նոր ձևաչափ, որը կվերաբերի Հայաստանի եվրաինտեգրացման գործընթացն իր նորմալ ընթացքին բերելուն՝ համապարփակ ապահովելով բոլոր ոլորտները, հստակեցնելով համագործակցության եզրերը, գործիքները»,-ասաց նա:
Իսկ ավելի լայն իմաստով, ըստ Կարեն Բեքարյանի, պետք է ակնկալել, որ 2014թ. սկզբին հանրությունն արդեն ականատես կլինի նորմալ գործընթացի, մաքսիմալ կառուցողական՝ հաշվի առնելով երկու հանգամանք. «Մեկը, որ Հայաստանը հաջողությամբ ավարտելով բանակցությունները՝ պատրաստ է ստորագրման, Հայաստանը նախանշված պարտավորություններից հետ դառնալու ուղղություն չունի: Երկրորդ էական հանգամանքն այն է, որ Հայաստանի պարագայում ինչ տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, տեղի է ունեցել բանակցությունների հաջող ավարտից հետո»:
լուսանկարը՝ armenianow.am-ի










