Բրազիլիա մեկնող դպրոցականների մարզական պատվիրակությանը կասկածելի ավիատոմսեր մատակարարած անձը ձերբակալված է
Բրազիլիայում նոյեմբերին դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով պատվիրակության համար տոմսեր ամրագրած անձը ձերբակալված է: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արա Մեհրաբյանը։
«Մենք գնացինք ոստիկանություն ու տեսանք, որ այդ կինը ձերբակալված է, բայց մենք նրա հետ այնքան առնչություն չունենք, որքան առնչություն ունենք այն կազմակերպության հետ, ում մոտից տոմսը գնել էինք (վճարել էին գումարը և խնդրել ամրագրել): Իսկ կազմակերպությունը, ում մոտ պատվիրել էինք տոմսերը մեզ բացատրում է, որ իրենք այս կնոջ հետ են ինչ-որ պայմանագիր կնքել, որ ինքը տոմս ձեռք բերեր: Բայց վերջինս գումարը վերցրել, փախել է: Բայց, բնականաբար, դա մեզ չի հետաքրքրում: Մենք «Գնումների մասին» օրենքի համաձայն մրցույթ ենք հայտարարել, մրցույթում շահել էր տվյալ կազմակերպությունը, որ մեզ պետք է տոմսով ապահովեր, թե հիմա ո՞ւմ հետ, ի՞նչ գործարք են արել, մենք պայմանագրային կապ երրորդ կողմի հետ չունենք»,-ասաց Արա Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 26-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել էր, որ Երևան-Մոսկվա, Մոսկվա-Փարիզ, Փարիզ-Սան Պաուլո, Սան Պաուլո-Բրազիլիա չվերթերով չեն կարող մեկնել՝ ավիատոմսերի հետ առաջացած խնդիրների պատճառով: Ըստ էության պարզվել է, որ օդանավի տոմս չունեն: Պատվիրակությունը մեկնել է նոյեմբերի 27-ին:
Արա Մեհրաբյանը հայտնեց, որ մեկնելու համար ստիպված են եղել վճարել երկրորդ անգամ: Ընդհանուր 18 տոմսի համար վճարվել է 12 միլիոն 800 հազար դրամ:
Ձերբակալված կնոջ անուն-ազգանունը Արա Մեհրաբյանը չէր հիշում (Ոստիկանությունից դեռ տվյալներ չեն հայտնում), սակայն դիմել են Ոստիկանություն՝ մրցույթը շահած ընկերության ՝«Բռենդ մեդիա տրանս ՍՊԸ»-ի դեմ քրեական գործ հարուցելու համար:
«Ընկերությունը օրենքով սահմանված կարգով պետք է երեք օրվա ընթացքում փոխհատուցեր, բայց էդ կազմակերպությունը մեզ ոչ մի տոմս չի տվել, ասում ա՝ «մենք արդեն սնանկացանք», հեքիաթներ է պատմում, բայց դա մեզ չի հետաքրքրում»,-ասաց մարզական ֆեդերացիայի նախագահը:
Արա Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանը Բրազիլիայում կայանալիք «Գիմնազիադա 2013»-ին հայ դպրոցականները մասնակցելու են հինգ մարզաձևերից՝ առաջին անգամ:
«Մենք պետք է կարողանայինք, օպերատիվ աշխատեինք, որ հենց նույն օրը թռնեին: Դա, գիտե՞ք ինչ դժվար էր, դա մի ահավոր, սարսափելի բան էր, նույն օրը տոմս ճարել, որ մարդիկ թռնեն: Բայց դե պետք է մեկ օր շուտ հասնեին, որ գոնե մարզումներ անեին»,-նշեց մարզիկը:
Նշենք, որ այսօր «Չորրորդ իշխանությունը» վերատպել է և մեկնաբանել է տեղեկությունը. «Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի ղեկավարությամբ Բրազիլիա մեկնող հայկական պատվիրակությունը օդանակակայանում պարզել է, որ ոչ մեկը տոմս չունի»:
Սպորտի և երիտասարդության նախարարության լրատվության հետ կապերի բաժնից ի պատասխան հայտնեցին, որ գիմնազիադան կազմակերպել և իրականացրել է Կրթության և գիտության նախարարությունը և ավելացրին, որ Յուրի Վարդանյանը Բրազիլիա չի մեկնել և իր կաբինետում աշխատում է:










