Ուկրաինայի հայտնած 160 մլրդ եվրոյի փոխհատուցման գումարը վստահություն չի ներշնչում. Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի կառավարության նշած գումարը, որն ահրաժեշտ է Եվրամիության չափանիշներին երկրի համապատասխանեցման համար, չափազանցված է անվանել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Այդ թիվը վստահություն չի ներշնչում: Անգամ եթե այդ թիվը ձգել անցումային շրջանի 10 տարիների համար, ապա դա Ուկրաինայի տարեկան ՀՆԱ-ի 10 տոկոսն է: Իսկ դա խորապես հակասում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձին»,- ասել է նա «Сегодня» թերթին տված հարցազրույցում:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ միջոցները, որոնք ներդրվում են տնտեսության արդիականացման համար, պետք է դիտարկել որպես ներդրումներ, այլ ոչ ծախսեր: «Միակ ծախսերը, որոնք կարող է Ուկրաինան ունենալ, անգործության համար վճարն է: Ուկրաինան վտանգում է իր ապագան, ինչը կհանգեցնի տնտեսության էլ ավելի լճացման»,- կարծում է Ֆյուլեն:
ԵՄ հանձնակատարի կարծիքով՝ շնորհիվ Ասոցացման համաձայնագրի Ուկրաինայի ՀՆԱ-ն հեռանկարում կաճեր 6,2 տոկոսով:
«Համաձայնագրի առավելությունները բոլորովին ակնհայտ են. առաջին իսկ տարում ուկրաինացի արտահանողները կկարողանան տնտեսել մինչև 500 մլն եվրո ներմուծման տուրքերի հարցում, իսկ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի ՀՆԱ-ն կավելանա 6,2 տոկոսով»,- ասել է Ֆյուլեն:
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցներն արդեն զգալի ծավալներով ֆինանսական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային և պատրաստվում են դա անել նաև ապագայում:










