Միջազգային կազմակերպությունները գենդերի հարցով ճնշում են կառավարությանը. Արման Բոշյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայաստանում սեռական փոքրամասնությունների։ Նրանք ցանկանում են ճնշում գործադրել ՀՀ կառավարության նկատմամբ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը։
Նա այս համատեղ հայտարարությունը պատմական է համարում, քանի որ մինչ այս շատ ավելի կարևոր հարցերում այս միջազգային կառույցները որևէ հայտարարություն չէին արել։ Իսկ այս հարցն այնքան են կարևորել, որ նշել են, թե վճռական են տրամադրված գենդերը Հայաստանում պաշտպանելու։
«Հատկապես ԱՄՆ դեսպանատանն եմ անդրադառնում. ի՞նչ գործ ունեն գալիս են այստեղ հայտարարություն են անում։ Մենք զգուշացնում ենք, թող այդ միջազգային կառույցներն իրենց պարտականություններից դուրս չգան և իրենց երկրի խնդիրներին անդրադառնան»,- ասաց նա։
Բանախոսն ասուլիսին էր եկել, իր խոսքով՝ բացահայտումներով, որ օրինակ՝ 2011թ-ին մինչ օրենքի ընդունումը Արդարադատության նախարարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել։ Ինչ վերաբերվում է բուն օրենքին, ապա նա պարզել էր, որ այն 6 կետով լիարժեք արգելում է հայ մշակույթի զարգացումը, և փոխարենն առաջարկում է ստեղծել գենդերային մշակույթ։
«Մինչև հիմա նոր կոմպրոմիսային տարբերակը կառավարությունն ԱԺ չի ներկայացրել, դա արդեն հուշում է, որ ճնշում է գործադրվում։ Կոչ ենք անում մինչև մյուս քառօրյան բերել փոփոխված տարբերակը և ներկայացնել ԱԺ։ Թող կառավարությունն իմանա, որ հասարակությունն այս հարցում սարի պես իր մեջքին կանգնած է»,- ասաց նա։
Տեր Կյուրեղ քահանա Տալյանը իր խոսքը սկսեց մեջբերելով Աստվածաշնչից մի հատված, ուր ասվում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, ստեղծել է արու և էգ և ասել՝ բազմացեք։
«Գենդեր չի նշանակում կին և տղամարդ։ Այդ ուժերը ովքեր շահագրգռված են, նրանք ժողովրդի դեմ են, Աստծո դեմ են, ովքեր ուզում են անբարոյականություն սերմանել ժողովրդի մեջ»,- ասաց նա և նշեց,ո ր եկեղեցին նույնպես վճռական է տրամադրված այս օրենքի դեմ։
Իրավաբան Լուսինե Թասալյանն էլ նշեց, թե գենդերը կապում են տղամարդկանց և կանանց իրավահավասարության հետ, սակայն օրենքը դրա մասին չէ։ Բացի այդ, նա նկատեց, թե ՀՀ-ում կանանց իրավունքները չեն ոտնահարվում։










