Հայաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը պատրաստ են անդամակցել Եվրասիական միությանը. «Ռուսհամագործակցության» ղեկավար
Եվրասիական տնտեսական միություն պատրաստ է ընդգրկվել Հայաստանը, նա արդեն արել է առաջին քայլերը, հաջորդը Ղրղզստանն է, Տաջիկստանը, Հնդկաստանը և այլ երկրներ, հայտարարել է «Ռուսհամագործակցության» ղեկավար Կոնստանտին Կոսաչևը՝ Կազանում «Եվրասիական տնտեսական ինտեգրում. ձեռքբերումներ և խնդիրներ» միջազգային հասարակական համաժողովի բացման ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Եվրասիական տնտեսական միությունը 2015թ. հունվարի 1-ից պետք է փոխարինի Մաքսային միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ Ուկրաինան ունի դիտորդի կարգավիճակ։
«Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հարմարավետ լինի բոլորին՝ և՛ գործող միության երկրներին, և՛ նոր ընդգրկվող անդամներին»,- ասել է Կոսաչևը։
Նա նշել է, որ միջազգային միության ստեղծումը «ոչ թե շրջանային, այլ գլոբալ նախագիծ է», և ժամանակակից փուլում Եվրասիական միությունը «գտնվում է իր զարգացման կարևոր կետում»։










