Ես պետք է խոստովանեմ՝ այո, մեզ ուղղորդում են. ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյան (տեսանյութ)
Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն այսօր ազատամարտիկների հերթական հանրահավաքին խոսեց հնչող մեղադրանքների մասին, թե իրենց ուղղորդում են և հայտարարեց. «Ես պետք է գաղտնիքը բացեմ և խոստովանեմ: Այո, մենք իսկապես ուղղորդվում ենք. մեզ ուղղորդողը ՀՀ Սահմանադրությունն է, երկրի գլխավոր օրենքը, որտեղ սևը սպիտակի վրա ամրագրված է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ուր իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է ազատամարտիկներիս ուղղորդող ուժը, որին մենք երբեք չենք դավաճանի»:
Հիշեցնելով իշխանությունների հետ իրենց երկխոսության մասին իր իսկ հայտարարությունները՝ նա ասաց, որ նրանց կողմից հնչեցված պատասխանները ցույց են տալիս, որ իշխանությունները համառորեն չեն ուզում ընդունել երկրում գոյացած ողբերգական վիճակը:
«Անցյալ հանրահավաքին ես հատուկ անդրադարձա իշխանությունների հետ հնարավոր երկխոսությանը, հիմք ընդունելով ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ հրապարակայնորեն հնչեցրած ազդակը: Իմ խոսքում ես ընդգծեցի, որ երկխոսություն կարող է իրականանալ, եթե իշխանություններն ընդունում են, որ երկրում առկա է խորը ճգնաժամ և որ անհրաժեշտ են արմատական, այլ ոչ թե կոսմետիկ բնույթ կրող բարեփոխումներ: Իսկ եթե չունեն դրանք իրականացնելու քաղաքական կամք, ապա պետք է հեռանան»,-ասաց նա՝ նշելով, որ պատգամավորի արձագանքից հասկանալի դարձավ, որ վերոնշյալ երեք կետերն իշխանությունների համար ընդունելի չեն:
Ազատամարտիկի խոսքով՝ այդ ամենից հերթական անգամ հասկանալի դարձավ, որ իշխանությունները «թքած ունեն» ժողովրդի ու պետության վրա, չեն էլ ուզում մտածել իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ուզում են միայն իշխել և վերարտադրվել:










