ՀՔԾ-ն զբաղված է գործ սարքելով. ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իրեն կրկին ՀՔԾ հրավիրելու վերաբերյալ
Ակտիվիստ, «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր կրկին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն:
«Հրավիրել էին ՀՔԾ, որտեղ ինձ կրկին հայտնեցին նախաքննության ավարտի մասին, փաստորեն գործն ուղարկվում է դատարան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ օգոստոսի 24-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել։ Նա պնդում է, որ բերման ենթարկելիս ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկաններն իրենց հերթին նշել են, որ Արգիշտի Կիվիրյանն է բռնություն կիրառել իրենց նկատմամբ:
«Այսօր նաև պարզ դարձավ, թե ինչու էր նախաքննությունը մեկ անգամ վերսկսվել սրանից առաջ, որովհետև պարզվեց, որ այն «տուժող» երեք ոստիկանների ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Եվ որպեսզի նախաքննական մարմինը փորձի դզմզել այդ հակասությունները, նորից վերսկսում են գործը և նորից իրենց կանչում են, որտեղ այդ երեք «գառնուկները» ցուցմունք են տալիս, թե իրենք շփոթել են, այս են արել, այն են արել»,-նշեց Արգիշտի Կիվիրյանը, ավելացնելով, որ նույնիսկ դրանից երևում է, թե «գործ ունենք մի իրավիճակի հետ, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ, ազատ քննություն իրականացնելու փոխարեն, զբաղված է իր դեմ «գործ սարքելով»»:
«ՀՔԾ-ն զբաղված է գործ սարքելով՝այսինքն իրականացնելով քաղաքական հաշվեհարդարի պատվեր»,-ընդգծեց ակտիվիստը:










