Հս. Կորեան $500 մլն է ծախսել առաջնորդների փառաբանության համար
Հյուսիսային Կորեան վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 500 մլն դոլար է ծախսել երկրի առաջնորդի պաշտամունքի ամրապնդման համար, գրում է РИА Новости գործակալությունը։
Կիմ Չեն Ընի ղեկավարման տարիներին մոտ 200 մլն դոլար ծախսվել է 3200 կոթողների, 400 խճանկարների և Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի 23 մետրանոց արձանի համար՝ Փհենյանի Մանսուդե թատրոնի դիմաց։
Եվս 300 մլն դոլար ծախսվել է 40 խոշոր պետական կառույցների շինարարության համար, որոնք կրել են իշխող ընտանիքի անդամների անունները։ Այդ շինությունների թվում են լեռնադահուկային հանգստավայր Մասիկը, մարզահամալիրներ, հանրային հրապարակներ։
Փորձագետները նշում են, որ պետական նման մեծ ծախսերին զուգահեռ շարունակում է արտահանման նվազումը։ Դեպի Չինաստան հանքային ռեսուրսների արտահանումը 2011թ.-ին բերել է 1.46 մլրդ դոլարի եկամուտ, 2012-ին՝ 1.45 մլրդ, իսկ 2013-ին 9 ամիսների ընթացքում՝ 1.25 մլրդ դոլար։










