Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են Կառավարության շենքի դիմաց (լուսանկարներ, տեսանյութ)
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին (հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա») պատկանող ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր առավոտյան աշխատանքային օրը սկսեցին դեպի Էկոնոմիկայի նախարարություն ու Կառավարություն բողոքի երթով:
Շուկայի աշխատակիցները պահանջում են ընդունելություն՝ իրենց խնդիրները լսելու համար: Աշխատակիցները պնդում են, որ Էկոնոմիկայի նախարարությունը թանկարժեք մետաղների հարգադրոշմի ստուգումներ է անցկացնում, և ոսկու յուրաքանչյուր կտորի համար տուգանում 50–հազարական դրամով՝ եթե հստակ չեն երևում հարգադրոշմի վրայի թվերը:
Աշխատակիցները նշում են, որ իրենց պահանջն արդարացի է, քանի որ զարդերը դրոշմակնքում են նախարարության տրամադրած կնիքներով:
«Առավոտյան 10-7-ը համբալություն ենք անում, որ ընտանիքի պահենք, իրենք էլ գան միանգամից տուգանեն, գնան»,- Tert.am –ին հայտնեց տիկին Շողիկը, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը:










