Չելենտանոյի դուստրը խոստովանել է, որ միասեռական է

09:40 • 28.11.13

Հանրահայտ իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի կրտսեր դուստրը՝ Ռոզալինդան,  Vanity Fair ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Corriere della Sera-ին հղումով, 45-ամյա Ռոզալինդան պատմել է, որ սիրային հարաբերությունների մեջ է 40-ամյա դերասանուհի Սիմոնա Բորիոնիի հետ։ Չելենտանոյի դուստրը մանրամասնել է, որ ինքն անգամ ամուսնանալու ցանկություն ունի, սակայն Իտալիայում միասեռականների ամուսնություններն արգելված են։

 

«Ողջ ճշմարտությունն իմանալուն պես ես զրուցեցի ավագ դստերս՝ Ռոզիտայի հետ, իսկ Ադրիանոն այդ մասին իմացավ ավելի ուշ։ Վերջերս մենք ամուսնուս առաջարկով խոսեցինք Ռոզալինդայի հետ՝ բացատրելով նրան, որ նրա միասեռական լինելը ոչինչ չի փոխի մեր հարաբերություններում, և մենք կշարունակենք նրան սիրել»,-պատմել է Չելենտանոյի կինը՝ Կլաուդիա Մորին։

 

Ռոզալինդան Չելենտանոյի և Մորիի 3 զավակներից ամենափոքրն է։ Նա մասնագիտությամբ դերասանուհի է, իսկ նրա ամենահայտնի դերը Մել Գիբսոնի «Քրիստոսի կրքերը» ֆիլմում սատանայի կերպարի մարմնավորումն է։