Եթե լրացուցիչ ռուսական զինամթերք ու զորք է բերվելու Գյումրի, բնական է, որ անհրաժեշտ կլինի նաև նոր բնակատեղի. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հնարավոր է համարում, որ Գյումրի քաղաքից մի հատված տրվի ռուսական ռազմաբազաներին՝ որպես փակ բնակատեղի, բայց ամբողջությամբ Գյումրին փակ քաղաք դարձնելը նա անհնարին է համարում։
«Գյումրում այսօր էլ և շատ վաղուց էլ կա փակ հատված, որը ռուսական ռազմաբազայի հատվածն է, և այնտեղ մուտքն ու ելքը եղել է անցագրերով։ Դրա ընդլայնման մասով հստակ չեմ կարող ասել, բայց միգուցե և տրվեն, որովհետև եթե խոսվում է, որ լրացուցիչ զինամթերք ու զորք է բերվելու, բնական է, որ այդ լրացուցիչ զինամթերքի և զորքի համար նաև նոր բնակատեղիի անհրաժեշտություն կառաջանա։ Իսկ դա կլինի ծառայողական բնակարան, թե կլինեն զորքի համար հատուկ տեղեր և այլն, հիմա հստակ չեմ կարող ասել»,-Tert.am-ի հարցին ի պատասխան նշեց պատգամավորը։
Իսկ քաղաքն ամբողջության փակ գոտի դարձնելու մասին խոսակցությունները նա ուղղակի անիմաստ համարեց. «Ո՞նց եք պատկերացնում ամբողջությամբ Գյումրին փակ քաղաք, նման բան չի կարող լինել»։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցին, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ դրա շուրջ ստեղծված աղմուկից զարմանալ պետք չէ։ «Հետաքրքրիր հասարակական սեկտոր ունենք, երբ սրանից մեկ տարի առաջ խոսակցություն գնաց, որ Պուտինը գալու է Հայաստան, այն ժամանակ էլ աղմուկ բարձրացրին, խոսակցություն գնաց, գուշակություններ եղան: Հիմա, երբ որ գալիս է, նորից աղմուկ են բարձարացնում, փորձում են ինչ-որ արտակարգ հնչեղություն տալ։ Կարծում եմ, որ փառք Աստծո՝ շատ պաշտոնական անձինք, ղեկավարներ, նախարարների մակարդակով եկել են: Հիմա միգուցե մարդիկ լավ չեն զգում, որ առաջինը Պուտինը Գյումրի է գնում»,- ժպտալով ավելացրեց նա, ապա ընդգծեց այցի կարևորությունն այն համատեքստում, որ հստակ հայտարարվել է ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցությունը։
Ի տարբերություն Ուկրաինայի, որը հստակ ձևակերպում է իր ակնկալիքները ՄՄ մտնելուց առաջ, Հայաստանը նույն կերպ չի վարվում՝ նոր ռազմաբազաներ տրամադրելուց առաջ: Հարցին, թե ինչու՞ օրինակ Ադրբեջանին զենք վաճառելու՝ ՀՀ անվտանգությանն առնչվող հարցով Հայաստանը չի ձևակերպում իր մտահոգությունները, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, թե պետք է տարբերել երկու կարևոր դրույթ՝ բիզնեսն ու համաձայնագիրը։
«Զենքի վաճառքը, որը նաև բիզնես է պետությունների միջև և այն համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ-շրջանակներում, որով Հայաստանի տարածքը մինչև 2049թ. տվել ենք օգտագործման, պետք է տարբերենք։ Այսինքն՝ մենք չենք կարող որևէ երկրի ասել «զենք մի վաճառի» հարևան երկրին, բայց կարող ենք ասել, որ պատերազմի դեպքում դուք պարտավոր եք մեր անվտանգությունը պահել»,-նշեց նա և նաև հավելեց, թե «Ռուսաստանն այդքան միամիտ չէ, որ զենք տա մի պետության, որը կօգտագործվի իր դեմ»։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ նման տարածքներ հատկացնելը քաղաքապետարանի գործառույթը չէ։ «Հայ-ռուսական հարաբերությունները, առավել ևս երբ դա վերաբերվում է ռազմաբազաններին, կարգավորվում են ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրով, այսինքն՝ ցանկացած դեպքում որոշողը կառավարությունն է: Եթե ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, կառավարությանը որոշում է տարածքներ տրամադրել կամ չտրամադրել, այստեղ համայնքը որոշել չի կարող»,-նշեց նա։
Հարցին, թե ամեն դեպքում քաղաքապետարանը ստացե՞լ է ռուսական ռազմաբազաների ընդլայնման համար որոշակի տարածքներ հատկացնելու մասին նման որոշում, Զոհրապ Եգանյանը պատասխանեց, թե նման դիմում կամ կառավարության որոշում այս պահին չկա։
Ինչ վերաբերվում է բուն ռազմաբազաների ընդլայնմանը, ապա մամուլի խոսնակը դրանում միայն դրական միտում նկատեց. «Այն, որ ցանկացած տեղաշարժ, թվի ավելացում կնպաստի որպես համայնք Գյումրու զարգացմանը, միանաշանակ է, քանի որ տնտեսական իմաստով քաղաքի ներսում որոշակի շարժ կլինի, ինչն իհարկե դրական է»։










