Վիետնամում ցանկանում են սահմանափակել անձնական ավտոմեքենաների գործածությունը
Վիետնամի տրանսպորտի նախարարությունն առաջարկել է սահմանափակել անձնական ավտոմեքենաների օգտագործումը երկրի խոշոր քաղաքներում՝ ճանապարհներին իրավիճակի վատացմամբ պայմանավորված։
Ինչպես տեղեկացնում է ИТАР ТАСС գործակալությունը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով, այս փոփոխությունը թույլ կտա Վիետնամի քաղաքներն ազատել տեղաշարժվելու ճգնաժամից։
Համաձայն նախագծի՝ 5 քաղաքներում անձնական մեքենաները չեն կարողանա տեղաշարժվել քաղաքի մեծ մասով։ Փակ տարածքներ հնարավոր կլինի մտնել որոշակի օրերի և ժամերի, որպեսզի չվատացնեն ճանապարհների՝ արդեն իսկ բարդ վիճակը։
Փոխարենը նախատեսվում է քաղաքացիների համար ավելի էժան գնով ավտոբուսներ և հանրային տրանսպորտի տոմսեր վաճառել։ Այդ ռազմավարության նպատակը քաղաքային բնակչությանը մեքենաներից և մոտոցիկլետներից դեպի հանրային տրանսպորտ բերելն է։










