Վիլնյուսում կայացել է Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը
Վիլնյուսում այսօր կայացել է Եվրոպական միության և Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրման արարողությունը։ Մոլդովական կողմից ավելի քան 900 էջից բաղկացած փաստաթղթի յուրաքանչյուր էջ ստորագրել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Մոլդովայի էկոնոմիկայի փոխնախարար Օկտավիան Կալմիկը նախաստորագրել է համաձայնագրի այն մասը, որը վերաբերել է Մոլդովայի՝ ԵՄ ազատ առևտրի գոտի մտնելուն։
Պաշտոնական նախաստորագրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, երբ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կդնեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Մոլդովան և ԵՄ-ն հույս ունեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել ոչ ուշ, քան 2014թ.-ի աշնանը։
Ավելի վաղ Լիտվայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը։ Վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, որը վերջին երեք տարիներին գլխավորել է ԵՄ-ի հետ բանակցություններում երկրի պատվիրակությունը:










