Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը

10:00 • 28.11.13

Վիլնյուսում այսօր մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` նշելով, որ դա տեղի է ունենում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց Ուկրաինայի հրաժարվելու ֆոնին, ինչը պետք է հնչեղ իրադարձություն դառնար այդ գագաթնաժողովին: Աղբյուրը նկատում է, որ Ուկրաինայի ստորագրումը, միևնույնն է, շարունակում է գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը մնալ: Կիևի կողմից ստորագրել - չստորագրելը հարցականի տակ է դնում նախագծի ապագան:

 

Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջիններիս ղեկավարները, գագաթնաժողովի կայքի փոխանցմամբ, կժամանեն Վիլնյուս: 

 

Ընդհանուր առմամբ,  նոյեմբերի 28-29-ին գագաթնաժողովին կմասնակցեն 34 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԵՄ-ի ղեկավարությունը:

 

ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» ծրագիրը սկսել է 2009-ին` նշված հետխորհրդային երկրների հետ իր համագործակցությունը զարգացնելու նպատակով: Դրա նախորդ երկու գագաթնաժողովները վառ քաղաքական իրադարձություններ չէին դարձել և գրեթե աննկատ էին անցել:

 

Նշվում է, որ միանշանակ է նախաստորագրումը Մոլդովայի և Վրաստանի կողմից: Ադրբեջանը կստորագրի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:

 

Իսկ Հայաստանի կտրվածքով նկատվում է, որ դեռ հուլիսի 24-ին Երևանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ 3 տարի տևած բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ Հայաստանը ցանկություն ունի մտնել Մաքսային միություն: