Կ.Բեքարյանը վաղ է համարում վերլուծելը, թե ինչ կլինի, եթե ՀՀ-Վրաստան սահմանը լինի ԵՄ-ՄՄ սահման
Հաշվի առնելով ուկրաինական փորձը, այն, ինչ բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ այս երկրի՝ որպես Արևելյան գործընկերության առաջամարտիկ երկրի հետ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ստորագրում ժամանակահատվածում, ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, որ Վրաստանը կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Հետևաբար՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը վաղ է համարում վերլուծելը, թե ինչ իրավիճակ կլինի, եթե Վրաստանի ստորագրմամբ հետագայում հայ-վրացական սահմանը վերածվի Մաքսային միության և Եվրոպական միության ազդեցության գոտիներն իրարից տարանջատող սահմանի:
Այդ կարծիքը Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը հայտնել էր օրեր առաջ:
«Ու այստեղ դնենք բազմակետ: Այսինքն՝ չկա որևէ մեկը, որ վստահաբար կասի, և կասի որպես լավատեսություն կամ ցանկություն, այլ ոչ՝ որպես քաղաքագիտական վերլուծություն, որ նախանշված ժամկետից հետո Վրաստանը ստորագրելու է փաստաթուղթը ողջ ծավալով»,- Tert.am –ին ասաց Բեքարյանը:
Ուստի նա ո´չ միայն շուտ, այլև՝ խնդրահարույց է համարում այս հարցը:
«Սա հարցի մի կողմն է, բայց մյուս կողմից ՝ Մաքսային միության հետ կապված գործընթացը մեզ օրի օրի նոր իրողությունների առաջ է կանգնեցնելու, եթե Հայաստանը բանակցի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի մոդիֆիկացված տարբերակն՝ իր տնտեսական կոմպոնենտով: Այսինքն՝ փաստել այսօրվա դրությամբ, որ սահմանը լինելու է բաժանարար գիծ, այդքան էլ այդպես չէ»,-կարծում է Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա նշել էր, որ տնտեսական տարրեր է նկատել ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ, և չէր բացառել, որ հաջորդ տարեսկզբին Հայաստան-ԵՄ բանակցված տեքստի մոդիֆիկացված տարբերակի շուրջ նոր բանակցություններ կսկսվեն:










