ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող. Գագիկ Մինասյան
Մաքսային միության մեր գործընկերները չեն կարող աչք փակել այն իրողության վրա, որ ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Մենք պետք է հնարավորինս շուտ անդամակցենք ՄՄ-ին: Դա մեր պետական և ազգային շահն է: Մենք տարբեր պետությունների հետ տարբեր հարաբերություններ ունենք, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք»,-ասաց Աժ պատգամավորը և անդրադառնալով Պուտինի այցին՝ ավելացրեց, որ այն ճիշտ ժամանակին է ընտրված:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե անվտանգության առումով հավերժակա՞ն է մեր կապը Ռուսաստանի հետ, Գագիկ Մինասյանն ասաց. «Մոլորակի վրա երկու հավերժական բան կա՝ ժամանակը և տարածությունը»:
Անդրադառնալով վիլնյուսյան գագաթաժողովին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրներն առաջնորդվում են իրենց պետական շահերով, այդ թվում՝ Հայաստանը։
Ըստ Գագիկ Մինասյանի, Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրամիության հետ: Թե այն ինչ ձևով կշարունակվի՝ որոշելու է ոչ միայն Հայաստանը։ «Այս առումով Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի ԵՄ անդամ երկրներից։ Նրանք պետք է վերագնահատեն իրենց դիրքորոշումները և հասկանան, որ առանց իրենց ջանքերի Հայաստան-ԵՄ հարաբերություններում ավելին ակնկալել անհնարին է»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:










