Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳ նախարարները քննադատել են Քեմերոնի հայտարարությունը
Կենտրոնական Եվրոպայի 4 երկրների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Մեծ Բրիտանիային կոչ անելով խուսափել եվրոպական իրավունքի նորմերի «ընտրական կիրառությունից»: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը՝ այս հայտարարությունը կապված է բրիտանական վարչապետի՝ Արևելյան և Հարավային Եվրոպայից եկող ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու մասին հայտարարությամբ:
Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը եվրոպական ինտեգրացիայի անկյունաքարերից մեկն է:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայից ներգաղթածներն ավելի երիտասարդ և տնտեսապես ավելի ակտիվ են, քան՝ տեղի աշխատուժը: Բացի այդ՝ նշվում է, որ նրանց ներդրումը բրիտանական ՀՆԱ-ի մեջ ավելի շատ է, քան՝ նրանց ստացած հատկացումները: Պետությունները նաև հույս են հայտնել, որ բրիտանական օրենսգրքում ցանկացած փոփոխություն կհամապատասխանի ԵՄ կանոնադրությանը:










