Եվրաինտեգրման աջակիցները Կիևում «կենդանի շղթա» են կազմել

16:05 • 29.11.13

Կիևում հազարավոր քաղաքացիներ ձեռք ձեռքի բռնած «կենդանի շղթա» են կազմել, որը խորհրդանշում է Ուկրաինայի և Եվրոպական միության միասնությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Սկսած Անկախության հրապարակից, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցների ակցիան, շղթան ձգվել է մայրաքաղաքի փողոցներով:

 

Ակցիային մասնակցում են մեծամասամբ ուսանողներ: Նրանք ձեռքերում են պահում Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, երկրի եվրոպական ընտրության աջակցության կարգախոսներ բացականչում:

 

Ակցիան սկսվել է Ուկրաինայի պետական հիմնի հանդիսավոր կատարմամբ:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել են կազմակերպիչները, «կենդանի շղթան» պետք է միացնի ուկրաինական քաղաքները, ինչպես Ժիտոմիրը, Ռովնոն, Լվովը և Պերեմիշլը և հնարավոր է՝ այն կձգվի ընդհուպ մինչև Լեհաստանի հետ սահման:

 

Նախնական հաշվարկներով՝ դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 520 հազար մարդու մասնակցություն:

 

Միևնույն ժամանակ Եվրոպական հրապարակում սկսվել է այլընտրանքային հանրահավաք, որը կազմակերպել է իշխող «Ռեգիոնների կուսակցությունը»: Այնտեղ հավաքվել է 10 հազարից ավելի քաղաքացի, որոնցից շատերին այսօր բերել են երկրի շրջաններից: Հանրահավաքն անցնում է «Ստեղծում ենք Եվրոպա Ուկրաինայում» կարգախոսով:

 

«Ռեգիոնների կուսակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը բեմից այսօր հայտարարել է, որ Ուկրաինան «չի շեղվում եվրոպական ճանապարհից», և իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի «Ուկրաինայում կյանքը լինի այնպես, ինչպես Եվրոպայի լավագույն երկրներում»: