Ղրղզստանի խորհրդարանը ցանկանում է խստացնել «աղջիկ փախցնելու» համար պատիժը

12:16 • 29.11.13

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները Քրեական օրենսգրքում փոփոխություններ են մշակել, որոնք նախատեսում են խստացնել հարսնացուների առևանգման համար պատիժը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Պատգամավորները համոզված են, որ երկրում հարսնացուների առևանգման հետ կապված իրավիճակը հակասում է անհատի անվտանգությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և ազատություններին:

 

Նրանք կարծում են, որ այդ բազմադարյա սովորույթը ստորացնում է մարդու արժանապատվությունը: Այդ պատճառով Բարձրագույն խորհրդում արտահայտվում են հօգուտ Խորհրդային Միության փլուզումից ի վեր զանգվածային տարածում ստացած հարսնացուների առևանգման համար պատժի խստացման: Այժմ, երկրի օրենքերով, նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում անչափահաս հարսնացուի առևանգման համար:

 

«Նման առևանգումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ աղջիկների հոգեբանական վիճակի վրա, և նրանցից ոմանք փորձում են ինքնասպանություն գործել»,- նշել են պատգամավորները:

 

Այժմ նրանք նախատեսում են օրենք ընդունել, որն ուժային մարմիններին իրավունք կտա հարուցել և քննել քրեական գործեր՝ առանց տուժող կողմի համաձայնության: