Վիլնյուսում Սերժ Սարգսյանի ելույթը հակասում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի չստորագրմանը. Պարույր Հայրիկյան
Վիլնյուսի գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթը հակասում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի չստորգրմանը: Այս համոզման է Ազգային ինքնորոշում միավորման՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում ասել է, որ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է: Նախագահը նաև նշել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
«Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները»,-նշել էր նախագահը։
«Շատ ակնհայտ է հակասությունը, եթե ցանկանում ես, պետք է այդ նախնական քայլն անեիր, եթե չես արել, ուրեմն դու մտադիր չես շարունակել՝ քո տրամադրվածության մեջ, կամ կաշկանդված ես, այս դեպքում արդեն ինձ համար մեկ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում Հայրիկյանը ողջունում էր Սերժ Սարգսյանի վիլնյուսյան այցը, ԱԻՄ առաջնորդը ուղղեց. «Ես ոչ թե ողջունում էի նրա գնալը, այլ սարսափում էի նրա չգնալուց, որովհետև եթե չգնար, ընդհանրապես Հայաստանը հայտնվում էր ամոթալի վիճակում։ Ինչու՞ էի ողջունում՝ որ գնար, ինչ-որ պարտականություն վերցներ, ինչն ավելի լավ է, քան բոլորովին չգնալը»,-ասաց նա։
Ինչ վերաբերվում է ելույթում տեղ գտած՝ Թուրքիայի հասցեին հնչող քննադատությանը, ապա Պարույր Հայրիկյանը նկատեց, թե դա սեփական սխալները քողարկելու փորձ էր։
«Երբ որ դու ինչ-որ սխալ ես անում, փորձում ես դիմացինիդ վրա ինչ-որ մեղքեր բարդել: Այս պահին ինքն ամենաճիշտ բանն էլ որ ասի, այս պահվածքն ընկավելու է որպես ինքնաարդարացման փորձ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ելույթում նաև նշել էր, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: «Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից»,-նշել էր նա:
Այնուհանդերձ բարեփոխումներին նոր թափ հաղորդելու մասին հեռանկարներ Հայրիկյանը տեսնում է։ «Ի վերջո շարունակելու պարտավորվածություն ունի և ի վերջո եվրոպական արժեքային համակարգից հո չե՞նք հրաժարվում պաշտոնապես, բայց դե ֆակտո շատ հարցեր կլինեն իհարկե»,-եզրափակեց նա։










