Մենք անցնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. ԼՂՀ ԱԺ պատգամավոր
ԼՂՀ Ազգային ժողովը դեռևս օրենք չի ընդունել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մասին, բայց մենք անցնելու ենք այդ համակարգին: Tert.am-ին այս մասին ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կառավարության առաջարկին՝ 2015թ. հունվարից անցում կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ օրենքը քննարկման փուլում է. «Մենք երիտասարդների շրջանում հարցումներ ենք կատարում, որպեսզի նրանց կարծիքն էլ իմանանք այս օրենքի վերաբերյալ»:
ԼՂՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ հասարակության շրջանում այս համակարգի նկատմամաբ անվստահությունը հիմնականում կապված է նախկինում խնայդրամարկղերում իրենց կորցրած գումարների հետ: «Այդ խնդիրները հաղթահարելի են: Ես կողմնակից եմ այդ օրենքի ընդունմանը: Մենք գիտակցում ենք, որ պատասխանատվությունը մեծ է, աշխատում ենք ավելի լայն քննարկումներ կազմակերպել, ավելի շատ մարդկանց կարծիքներ իմանալ հարցի վերաբերյալ»,-ասաց Ա. Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե՝ Հայաստանի պարագայում կուտակային կենսաթոշակային համակարգը կառավարելու են հեղինակավոր միջազգային ընկերությունները, իսկ ԼՂՀ պարագայում դա ինչպե՞ս է իրականացվելու, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Հայաստանն ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ գումարների ապահովման պարտականությունը, որովհետև Արցախը միայնակ ի վիճակի չէ անել դա»:










