Պուտինի այցին ընդառաջ ցույցեր անելը այս կամ այն ուժին արջի ծառայություն մատուցել է. Ժիրայր Սեֆիլյան

12:08 • 29.11.13

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ բողոքի ցույցեր անելը այս կամ այն ուժերին արջի ծառայություն մատուցել կլինի, և Նախախորհրդարանը չի խառնվելու այդ «խամաճիկների» ծրագրին:

 

«Այսօրվա իշխանությունները հաստ թելերով կապված են աշխարհաքաղաքական այս կամ այն ուժերի հետ ու դարձել նրանց խամաճիկը: Մեր խնդիրը մեր ներսում ենք լուծելու և որևէ կայսրության ներկայացուցչից պահանջելու կամ նեղանալու խնդիր չենք տեսնում: Մեր խնդիրը օր առաջ հայ ժողովրդի ինքնակազմակերպումն է, հօգուտ ժողովրդի կառավարման կետի ձևավորումը և անիմաստ ենք համարում ցուցադրական գործողությունները, որ կատարվելու են Պուտինի այցի նախօրյակին: Այդ ուժերը, որոնք փորձելու են արջի ծառայություն մատուցել այս կամ այն ուժին բողոքի ակցիաներ անցկացնելով, խամաճիկների դեր են կատարելու»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

 

Արտահայտելով իրենց դիրքորոշումը Հայաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք ասում են «ոչ, ոչ». «Մենք դեմ ենք, որ Հայաստանն անդամակցի որևէ վերպետական կազմակերպության: Մենք պետք է մեր ուժը կենտրոնացնենք պետության ստեղծման գործում»: