Լոռու մարզում երկու ամսական երեխայի մահանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

10:30 • 29.11.13

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի՝ Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սարիբեկյանը:


«Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև քրեական գործ է հարուցվել, ամբողջ փաստաթղթերն իրենց մոտ են ու էս պահին, նույնիսկ եթե ինֆորմացիա էլ ունենայի, իրավասու չէի լինի փոխանցել: Եկե՛ք սպասենք, մինչև քրեական գործն ավարտվի, նոր մեր պարզաբանումները կտանք»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեխայի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել էր, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ «Մենք չենք լռելու և դիմելու ենք դատարան»,-ասել է տատիկը։