Վաղարշյան փողոցում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած անձը չի մահացել. հանցագործի ինքնությունը հայտնի է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 21.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին` դանակահարված վիճակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ «Պարմա» սուպերմարկետի մոտ դանակահարված անձը մահացել է: Սխալ տեղեկատվության ապակցությամբ հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:










