Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային միությանն անդամակցելու ռիսկերը. Էկոնոմիկայի նախարար

10:19 • 29.11.13

Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ելույթ ունենալով Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գործարար համաժողովի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մտադրության և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ցանկության մասին։

Հայաստանը պատրաստ է ընդունել պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են ՄՄ-ին միանալու համար, և այդ հարցով ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։

Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Երևանը մինչև փետրվար գրեթե պատրաստ կլինի ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը։

 

«Հայաստանի համար արտահանման թեկուզ մեկ շուկայի կորուստը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք տնտեսական ռիսկերը՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ։ Նույնը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին։ Ես կարծում եմ, որ դրանք շատ բարդ հաշվարկներ են։ Մեզ համար լավ կլիներ, եթե շարունակեինք բաց սահմաններ ունենալ թե' Ռուսաստանի, թե' Եվրամիության, թե' մնացածի հետ»,-ասել է նախարարը։

 

Ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել էին, որ Մաքսային միությանն ու ԵՄ-ի ազատ առևտրի գոտուն անդամակցությունն անհամատեղելի են, քանի որ հնարավոր չէ միաժամանակ տարբեր մաքսային սակագներ ունենալ։