Ուկրաինան Ասոցացման համաձայնագիրը կստորագրի «մոտ ապագայում». Յանուկովիչ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկիրը մտադիր է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը «մոտ ապագայում», տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Վիկտոր Յանուկովիչը, որի ղեկավարած երկիրը սառեցրել է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը՝ տնտեսական դժվարությունների պատճառով, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի պաշտոնական մասից առաջ վստահեցրել է, որ ամեն ինչ «նորմալ է լինելու»։
Յանուկովիչը ողջունել է Լիտվայի նախագահին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին և Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին, և, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու չի ստորագրում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ասել է, որ «ամեն ինչ նորմալ է լինելու»։
Հիշեցնենք, որ այսօր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ուկրաինան, ինչպես և հայտարարել էր ավելի վաղ, որևէ փաստաթուղթ չստորագրեց։










