Յանուկովիչը թվել է պայմանները, որոնց դեպքում կստորագրեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. ԵՄ-ն արձագանքել է (թարմացված)

15:55 • 29.11.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշել է նախապայմանները, որոնց դեպքում Կիևը պատրաստ կլինի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Դրանցից կարևորն Ուկրաինայի, Ռուսաստանի և Մաքսային միության այլ անդամների միջև հակասությունների վերացումն է, որոնց ձեռնտու չէ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը։ «Շնորհակալ կլինեի ձեզ Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով համագործակցության համար»,-հայտարարել է Յանուկովիչը։
 

Դրան զուգահեռ՝ նա հույս է հայտնել, որ Եվրամիության առևտրային սահմանափակումները կվերանայվեն։
 

Յանուկովիչը նաև ԵՄ-ին խնդրել է Ուկրաինային ֆինանսատնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր մշակել։

 


16.14 Եվրամիությունը հրաժարվել է փոխել իր պայմաններն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, տեղեկացնում է lenta.ru-ն։  Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

 

«ԵՄ-ն Ուկրաինայի հետ որևէ գործարքի կամ դավադրության չի գնա»,-ասել է Լիտվայի նախագահը։ Նա նշել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է փոխեն իրենց մոտեցումը։
 

Բացի այդ, Բրյուսելը մտադիր չէ Կիևի հետ բանակցություններում ներառել նաև Մոսկվային. այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն։ «Երբ մենք պայմանավորվում ենք երկկողմ համաձայնագրի մասին, մենք պետք է համաձայնվենք, որ դա երկկողմ գործ է»,-ասել է նա։