Ուժերի վատնում է, սակայն ողջունում ենք ինքնիշխանության ձգտմամբ տոգորված բոլոր ուժերին. Ժ. Սեֆիլյանը Պուտինի դեմ ակցիաների մասին
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանը Facebook սոցիալական կայքում մեկնաբանել է իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը` կապված ՌԴ նախագահի այցին ընդառաջ տարբեր ուժերի կողմից բողոքի ակցիաների կազմակերպմանը, քանի որ այն սոցիալական ցանցերում «տարակուսանքի ու քննարկման տեղիք է տվել»:
Նախախորհրդարանի նախագահության անդամը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հարցազրույցի ժամանակ հնչած մտքերից մեկը սոցիալական ցանցերում տարակուսանքի ու քննարկման տեղիք է տվել: Պատճառն այդ մտքի ոչ հստակ ձևակերպումն է և այն ԶԼՄ-ներում համատեքստից զատված կերպով ներկայացումը: «Խամաճիկ» ասելով ես նկատի եմ ունեցել միայն ապազգային վարչախմբին, իսկ հաջորդող միտքը իմ կողմից վրիպում է:
Նախախորհրդարանի գործունեությունը, Հայաստանի ազատագրման նրա տեսլականը հիմնվում է քաղաքացիական ուժերի հզորացման ու համախմբման տեսակետի վրա, ինչի մասին Նախախորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում` ես, հստակ կերպով արտահայտվել ենք մեր գրեթե բոլոր հարցազրույցներում, ելույթներում և հոդվածներում:
Նախախորհրդարանը նաև իր ամենօրյա գործով է ապացուցել, որ հնարավորությունների ներածին չափով սատարում և աջակցում է բոլոր պայքարող ուժերին: Ճշգրտման նպատակով վերահաստատում եմ մեր տեսակետը, որ մեր գլխավոր նպատակը պետության կառուցումն է, ուստի ուժերի վատնում ենք համարում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի ներկայացուցչի դեմ բողոքներ կազմակերպելու ուղղությամբ ջանքերի գործադրումը:
Միևնույն ժամանակ` մենք ողջունում ենք ինքնիշխանության ձգտմամբ տոգորված բոլոր ուժերին և անհատ քաղաքացիներին, որովհետև նրանք են կազմում մեր ժողովրդի առողջ կորիզը և նրանց ձեռքով է կառուցվելու մեր ապագա պետությունը: Մենք երկրորդական ենք համարում մարտավարական մոտեցումների տարբերությունները: Ավելին` մեր կարծիքով նման տարբերությունները հարստացնում են քաղաքական միջավայրն ու ընդլայնում պայքարի հնարավորությունները: Այդ առումով դրանք նույնիսկ ողջունելի են:
Ուստի խնդրում և հորդորում եմ խոսքի վրիպումը չդիտել տվյալ հարցազրույցի ու մեր գործունեության համատեքստից դուրս և ավելի սերտորեն համագործակցել ու համախմբվել հանուն ընդհանուր նպատակի»:










