Հասարակության շրջանում վախ կա հետազոտվելու և տեղեկանալու ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին. մասնագետ
Սկսած 1988թ., երբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը, առ այսօր ՀՀ-ում 1586 ՄԻԱՎ վարակակիր կա: Այս տարվա 11 ամիսների ընթացում արձանագրվել է 205 դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, ավելացնելով, որ ըստ վիճակագրության, վերջին տարիներին արձանագրվող դեպքերի թիվն ավելացել է: Վերջինս դա պայմանավորեց այն հանգամանքով, որ զգալիորեն բարելավվել է խորհրդատվության և հետազոտության ծառայությունների հասանելիությունը:
Արշակ Պապոյանի հաղորդմամբ, ՀՀ-ում բնակչության 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին. «Դրա համար ինչքան ախտորոշումը բարելավվի, ինչքան արձանագրվող դեպքերի թիվն ավելանա, համապատասխանաբար ավելի շատ մարդ կիմանա իր կարգավիճակի մասին»,-նկատեց նա:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի խոսքով՝ հասարակության շրջանում, մի շարք պատճառներից ելնելով, վախ կա հետազոտություն անցնելու նկատմամբ. «Մարդիկ վախենում են, որ հետագայում իրենց կարգավիճակը կարող է հայտնի դառնա շրջապատում և վերաբերմունքի փոփոխություն լինի իրենց նկատմամբ: Մարդիկ նաև տեղեկացված չեն, որ գոյություն ունի բուժում և կարծում են, թե ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է: Այսօր այդ բուժումը կա, հասանելի է, անվճար է»,- ասաց Ժանետա Պետրոսյանը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում «Հետոզոտվիր և ապրիր» խորագրով ակցիա է կազմակերպում, որտեղ քաղաքացիները կարող են անվճար հետազոտություն անցնել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:










