Կիևում ձերբակալվել է «եվրամայդանի» 33 մասնակից (տեսանյութ)
«Եվրամայդանի» 33 մասնակից է ձերբակալվել Կիևի Անկախության հրապարակի հանրահավաքը ցրելուց հետո, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նախնական տվյալներով՝ գործողությանը մասնակցել է «Բերկուտի» 2 հազարից ավելի հատուկջոկատային: Նրանք կիրառել են մահակներ և «եվրամայդանի» ցուցարար-մասնակիցներին դուրս հանել հրապարակից: Գործողության ընթացքում տասնյակ մարդիկ են տուժել:
Ձերբակալվածները գտնվում են Կիևի կենտրոնական ոստիկանական բաժանմունքում: Այնտեղ է ժամանել ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը և ընդդիմության այլ առաջնորդներ:
Այժմ Անկախության հրապարակը գրեթե դատարկ է: Ողջ հրապարակի երկայնքով մետաղական ցանկապատեր են տեղադրված, դրանցից այն կողմ շղթայով կանգնած են «Բերկուտի» հատուկջոկատայինները: Ընդհանուր առմամբ հրապարակի տարածքում է գտնվում իրավապահ մարմինների աշխատակիցներով մինչև 20 ավտոբուս: Հարթակը, որի վրա ելույթ էին ունենում եվրաինտեգրման աջակցության հանրահավաքի մասնակիցները, ամբողջովին ապամոնտաժվել է:










