Մահակներ, արցունքաբեր գազ, բռնություն. Կիևում ցույցերը ցրելու ընթացքում տասնյակ մարդիկ են տուժել
Կիևում այսպես կոչված «Եվրամայդանի» ցույցը ցրելու ընթացքում տասնյակ մարդիկ են տուժել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Կան տուժածներ։ Գրեթե բոլոր տուժածների մոտ վնասված է գլուխը»,-հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
«Украинская правда» պարբերականը, պատգամավոր Անդրեյ Շևչենկոյին հղումով, տեղեկացնում է, որ տուժել են տասնյակ մարդիկ։
Ինչպես տեղեկացնում է Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի մամուլի ծառայությունը, ակցիան ցրելու համար ժամանել է մոտ 1000 հատուկջոկատային։
«Մարդկանց ծեծում էին մահակներով։ Գազ են կիրառել։ Մայդանում լսվում էին պայթյունների ձայներ։ Շատերը վնասվածքներ են ստացել։ Մարդկանց Մայդանից դուրս էին նետում աղբի պես»,-ասել են կոալիցիայից։
Ընդդիմադիրների մամուլի ծառայությունը հաղորդում է նաև ձերբակալությունների մասին և տեղեկացնում, որ Մայդանում խլացրել են բջջային կապը։
Ոստիկանների գործողություններից լուրջ վնասվածքներ է ստացել նաև Reuters գործակալության ֆոտոթղթակիցը։
Նշենք, որ ցուցարարները դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշմանը։










