«ՈՒԴԱՌ»-ն Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ է պահանջում

13:54 • 30.11.13

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցությունը Կիևի կենտրոնում բողոքի ակցիան ցրելու հետ կապված մտադիր է հասնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Այդ մասին այսօր հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է ria.ru-ն:

 

Ռադայի հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականին, իսկ Ուկրաինայի նախագահի ընտրությունները՝ 2015-ին:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատը շաբաթ օրը ցրել է Կիևի կենտրոնի «եվրամայդանը»: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 35 մարդ է ձերբակալվել, որոնց համար կազմվում են վարչական արձանագրություններ: ԶԼՄ-ները հաղորդում են 40 վիրավորի մասին, ոստիկանությունը ճշտում է այդ տվյալները:

 

«Հաջորդ շաբաթվանից խորհրդարանի աշխատանքն արգելափակվելու է: Մենք հնարավորություն չենք տա այս իշխանությանը հակաժողովրդական որոշումներ կայացնել»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերել «ՈւԴԱՌ»-ի մամուլի ծառայությունը:
Կլիչկոյի խոսքով՝ եվրոպական երկրում իշխանությունների նման արձագանք հնարավոր չէր լինի: «Դիմելով «մայդանն» ուժով ցրելու քայլին՝ Յանուկովիչն ինքն իր ձեռքով ստորագրեց իր դատավճիռը»,-ասել է նա:

 

Նա հավելել է, որ ընդդիմությունը պահանջում է կառավարության և առաջին հերթին՝ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը: