ՄԻԱՎ-ով հիվանդ կանանց 98 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով. ՀԿ նախագահ
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը խոսելով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եղանակների մասին, ասաց, թե Հայաստանում մի քանի տարի շարունակ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերն իրականացվում են «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ:
«ՄԻԱՎ-ով հիվանդ կանանց 98 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով, ավելի շատ դրան նպաստում են իրենց ամուսինները: Ամուսինները արտագնա աշխատանքի ժամանակ ունենում են չպաշտպանված հարաբերություններ, այդտեղ ռիսկը բավական մեծ է, վարակվում են, ապա վարակում են իրենց կանանց»,- ասաց Մ. Հովսեփյանը` ավելացնելով, թե ավելի շատ տղամարդ-կին սեռական հարաբերությունների ճանապարհով է տարածվում ՄԻԱՎ-ը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանն էլ նկատեց, որ թեև այսօրվա դրությամբ Հայաստանում բուժումը հասանելի է ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց համար, բայց մի քանի տարի հետո խնդիր է ծագելու, թե այդ նույն մարդիկ ոնց են բուժում ստանալու, որովհետև «Գլոբալ» հիմնադրամը երկրից գնալու է:
«Հայաստանում բավական մեծ տարածում ունի նաև հեպատիտ C-ն, սակայն պետական ոչ մի ֆինանսավորում չի կատարվում բուժում իրականացնելու համար»,- նշեց Ա. Հարությունյանը` շարունակելով, թե ամիսներ առաջ նամակներով դիմել են Առողջապահության նախարարություն, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:
«Ինչպե՞ս կարող ենք հավատալ առողջապահության փոխնախարարի խոսքերին, թե «Գլոբալ» հիմնադրամի չլինելու դեպքում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց բուժումը չի ընդհատվի: Այսօրվա դրությամբ հեպատիտ C-ով հիվանդների մահացության դեպքեր էլ կան, սակայն ոչ մի հստակ վիճակագրություն չկա, և կառավարության կողմից ոչ մի գումար չի տրամադրվում»,- մտահոգություն հայտնեց Անահիտ Հարությունյանը:










