100% ոչ. Իրանի նախագահը բացառել է միջուկային օբյեկտների ոչնչացումը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման հնարավորությունը, տեղեկացնում է Взгляд-ը՝ Financial Times-ին հղումով։
«100 տոկոսով ոչ»,-հայտարարել է Ռոհանին՝ պատասխանելով պարբերականի այն հարցին, թե թույլ կտա՞ Թեհրանը ոչնչացնել իր միջուկային օբյեկտները։
Նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ իսլամական հանրապետության ռազմավարությունը չի նախատեսում միջուկային զենքի ստեղծում և հաղորդել է Իրանի՝ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու մտադրության մասին։
«Իրանի և ԱՄՆ-ի խնդիրները շատ բարդ են և չեն կարող լուծվել կարճ ժամանակահատվածում։ Չնայած այդ դժվարություններին՝ վերջին օրերի ընթացքում անկեղծություն է ի հայտ եկել, որը կարող է ամրապնդվել նաև ապագայում»,- հայտարարել է Ռոհանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Իրանն ու միջուկային խնդրի հարցով միջնորդ «վեցյակը» Ժնևում պատմական որոշում էին կայացրել՝ տասը տարվա ընդմիջումից հետո։










