Վասալային հարաբերություններ կամ փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում. ինչո՞ւ է Պուտինը ժամանում ավելի քան 500 հոգու հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի ավելի քան 500 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ, ինչի շուրջ հնչում են հարցադրումներ՝ արդյո՞ք մեծ շքախմբով այցը տուրք չէ մեծապետական ինչ-որ նկրտումների: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս մտահոգությունները՝ ԱԺ փոխնախագահ, «Հայաստանի հանրապետական կուսակցության» խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրանք որակեց «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում», իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երևույթը պայմանավորեց «վասալային հարաբերություններով»:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս կարծիքները իրականության հետ կապ չունեցող մտահոգություններ են, որովհետև հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա են, որ հավելյալ շքեղության, ձևաչափի խնդիր չկա: «Ռուսաստանի Դաշնության նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ պայմանագրերի կնքում: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման իմաստով, կարծում եմ, նմանատիպ աղմուկը, որը կա որոշ մարդկանց շրջանակներում, արդարացված չէ»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե 1995թ.-ից Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության համաձայնագիր ունի, և արդյո՞ք այս անգամ ստորագրվելիքը բնույթով ավելի լուրջ փաստաթուղթ կլինի, քան նախորդն է, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերությունները բավականին ամուր են, իսկ ռազմավարական դաշնակցության հարցում պետք է նշել, որ նախագահ Մեդվեդևի պետական այցի ժամանակ ևս կնքվեցին երկկողմ պայմանագրեր, ընթացքում նաև ռուսական ռազմաբազան ավելացավ, և այդ իմաստով կարծում եմ, որ մենք ընդամենը պետք է զարգացնենք համագործակցությունը»:
Թեմայի շուրջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև, արդեն վերածվում է վասալային հարաբերությունների. «Ցավոք սրտի, համագործակցությունը վերանում է, և հրահանգավորումն է այստեղ աշխատելու, նաև այն, որ հարաբերությունների տեսակն ինքնին ոչ բարեկամական է, ճնշումների, տարբեր տեսակի շանտաժների ներքո է, և այլն: Իհարկե, նմանատիպ տպավորություն թողնում է և օբյեկտիվորեն է թողնում»:
Նա հույս հայտնեց, որ ոչ շատ հեռու ապագայում իշխանափոխություն կլինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, ու Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կլինեն իսկապես բարեկամական, գործընկերային, այնպիսին, ինչպիսին պետք է դրանք լինեն ստրատեգիական համագործակցության բազմաթիվ պայմանագրեր ստորագրած պետությունների միջև: «Բայց սա արդեն մեծ ու փոքր եղբոր հարաբերություններ չեն և մեղավորը, բնականաբար, առաջին հերթին մեր իշխանություններն են, երկրորդ հերթին՝ Ռուսաստանի իշխանությունները»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ դա, միանշանակ, անընդունելի վարքագիծ է, և ինքը հույս ունի՝ երկար չի շարունակվի:
Նա նաև նկատեց, որ նման այց երբեք չի եղել, և երբևէ չի եղել, որ Հայաստանը երեք-չորս տարի մի գործընկերոջ հետ բանակցություններ վարի, սակայն այնպիսի ճնշում լինի, որ նույնիսկ քաղաքական օրակարգում չքննարկված հարցը ՀՀ նախագահի կողմից միանգամից ներկայացվի որպես ամբողջ հայ ժողովրդի երազանք՝ մտնել Մաքսային միություն:










