Ոստիկանության «ֆինանսական բուրգի» դատը` այսօր
Այսօր Կենտրոն Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի այսպես կոչված Ոստիկանության «ֆինանսական բուրգի» դատը: Նիստը կնախագահի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի դատական ժամանակացույցների կայքից:
Գործով անցնում է մեկ մեղադրյալ՝ Արթուր Անդրեասյանը: Ըստ մեղադրական եզրակացության` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Արթուր Անդրեասյանը կալանավորված է: Տուժող է ճանաչված յոթ անձ:










