Կիևում ընդդիմությունը փորձել է գրոհել նախագահի նստավայրը, գրավել է քաղաքային ադմինիստրացիայի շինություններ. ուղիղ միացում
Տարբեր գնահատականներով Կիևում փողոց է դուրս եկել 150-700 հազար մարդ: Վերջին թիվը պնդում են ուկրաինական ԶԼՄ-ները, այս մասին հայտնում է Russia Today-ը:
Կենտրոնական հրապարակից` Մայդանից բացի, ընդդիմությունը արդեն գրավել է քաղաքային ադմինիստրացիայի մի շարք շինություններ և հաստատվել այնտեղ: Մյուս մասը բուլդոզերով գրոհել է նախագահի նստավայրը, որտեղ նրանց դիմավորել են զինվորականներից կազմված պատով:
Բախումների ժամանակ ցուցարարները քարեր են նետել իրավապահների վրա, այս մասին հայտնում է Ազատության ռուսական ծառայությունը:
Մեկ այլ կենտրոնական փողոցում` Բանկովկոյեում, ոստիկանները ձայնային պայթուցիկներ են գործածել. հնչել են մի քանի պայթյուններ:
Այս ամենի ֆոնին ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կառավարությունն ու նախագահը պետք է հրաժարական տան: Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Լուցենկոն կանխատեսում է արել, որ իշխանությունը կհեռանա առաջիկա 5 օրերի ընթացքում:
Հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից Ուկրաինայում արտակարգ դրություն հայտարարվի: Ընդդիմությունը արդեն հայտնել է դեկտեմբերի 2-ից համազգային գործադուլ սկսելու մասին:










