Վերջին 25 տարիներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1988թ-ից մինչև 2013թ-ի նոյեմբերի 29-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, որոնցից միայն 228-ը՝ նախորդ տարվա ընթացքում, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 205 դեպք: Այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
30-ամյա Մարինեն (հերոսի խնդրանքով իրական անունը չի հրապարակվում-Tert.am), ով աշխատում է ՄԻԱՎ-ով կարգավիճակ ունեցող անձանց հետ և օգնում հաղթահարել խնդիրները, ևս ՄԻԱՎ կարգավիճակ ունի: Այդ մասին իմացել է 2007թ-ին, երբ 24 տարեկանում ամուսնացել է և հղիության 3-րդ ամսում այցելել բժշկի՝ համապատասխան հետազոտություններն անցնելու համար:
«Պարզվեց, որ վարակվել եմ ամուսնուցս, ու նա էլ իմացավ այդ մասին միայն իմ հիվանդության մասին իմանալուց հետո: Երբ իմացա, բնականաբար՝ սարսափելի հոգեկան ապրումների մեջ ընկա, մտածում էի ինքնասպանության մասին, որովհետև կարծում էի՝ խայտառակություն է, և այդպես չեմ կարող ապրել: Իմ երեխան ինձ հեռու պահեց այդ քայլից, մտածեցի, որ իրավունք չունեմ նրան էլ կյանքից զրկել: Իսկ հետո հանդիպեցի լավ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին հաղթահարել կատարվածը: Հատկապես՝ օգնության ձեռք մեկնեցին ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող այլ մարդիկ, ու հասկացա, որ ես միայնակ չեմ, ու սա աշխարհի վերջը չի»,-Tert.am-ի հետ զրույցում պատմեց Մարինեն և նշեց, որ արդեն ունի երկու երեխա և երկուսն էլ առողջ են, քանի որ ծնվել են կեսարյան հատման միջոցով:
Նա նշեց, որ իր հիվանդության մասին ծնողները, քույրը, եղբայրը չգիտեն՝ ի տարբերություն ամուսնու ընտանիքի, որոնք որևէ խտրական վերաբերմունքի չեն արժանացրել իրենց հարսին:
«Այդ առումով ես բախտավոր մարդ եմ: Ով իմացել է հիվանդությանս մասին, երբևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերել: Բարեբախտաբար՝ ծնունդ ընդունող բժիշկս տեղեկացված ու գիտակից մարդ էր:Շատ ընկերներ ունեմ, որ գիտեն կարգավիճակիս մասին, ու իրենց կողմից ևս վերաբերմունքի փոփոխություն չեմ նկատել: Բայց գիտեմ, որ կան ինձ նման մարդիկ, որոնց հետ լավ չեն վարվում՝ խտրական վերաբերմունքի են արժանանում բուժհաստատություններում, հարազատները խզել են շփումը նրանց հետ, հարազատ երեխան է հրաժարվել ծնողից, ամուսինն է թողել, ամուսնու ծնողների կողմից խտրական վերաբերմունքի են արժանացել»,- ասաց նա և պատմեց, որ քահաններից մեկն իրեն ասել է, որ աստված նրան ո´չ թե պատժել է, այլ՝ առաքելություն տվել, որ օգնի իր նմաններին:
Մարինեն մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև բուժման խնդիրներին և նշեց, որ դեռևս խնդիր չունեն, որովհետև բոլոր հետազոտություններն անցնում ու անվճար ստանում են անհրաժեշտ դեղորայքը: 2005թ-ից խնդիրը Հայաստանում լուծում է միջազգային «Գլոբալ հիմնադրամը», որի գործունեությունը մեր երկրում ավարտվում է 2015թ-ին: Այս առիթով Մարինեն նշեց, որ եթե 2015թ-ից հետո պետությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակ ունեցող անձանց բուժումը պետական միջոցներով չապահովի, ապա իրենք կկանգնեն լրջագույն խնդրի առաջ:
«Այդ դեղերը շատ թանկ են: Ես երբեք չեմ գնել, դրա համար չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ արժեն, բայց գիտեմ՝ եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդու հույսին մնա, 90%-ը կկոտորվի: Այս մարդկանց մեծ մասը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ են: Նրանք օրվա հացն են դժվարությամբ հայթայթում:Հիմա մենք մեզ շատ լավ ենք զգում ու ապրում ենք մյուսների նման, բայց եթե դեղերը չլինեն, մեր առողջական վիճակը կվատանա»,-ասաց նա:
Մեզ հետ զրույցում Մարինեն երկու կոչ արեց՝ չամաչել ու անցնել անհրաժետ ստուգումները ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու համար և խտրական վերաբերմունքի չարժանացնել նման կարգավիճակ ունեցող մարդկանց:
«ՄԻԱՎ-ը չի հարցնում ո´չ սոցիալական վիճակ, ո´չ մաշկի գույն: Բոլորին թվում է, թե դա իրենցից հեռու է: Ես կարող եմ ասել՝ 98% -ով ամեն ինչ հաղթահարել եմ, դեմքով հանդես չեմ գալիս, քանի որ երեխաներ ունեմ, բայց սա չի խանգարում լիարժեք կյանքով ապրել՝ սովորել, երազել, աշխատել, կատարելագործվել, անել այն ամենը, ինչ սիրում եմ»,- ասաց նա:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով հիմնված «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ համանախագահ Էլինա Ազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում բնակչությունը հետևողական չէ այս հարցի նկատմամբ՝ մարդիկ խուսափում են հետազոտություններ անցնել:
«Մենք պարբերաբար փորձում ենք մարդկանց հասցնել այն միտքը, որ մարդիկ պետք է գնան հետազոտության ու ստուգվեն, և դրանում որևէ ամոթ բան չկա: Շատերն ամաչում են միայն հետազոտվելու փաստից: Վերջին շրջանում մարդկանց իրազեկվածության աստիճանն անհամեմատ բարձրացել է, եթե համեմատենք 5 տարի առաջվա հետ: Մարդիկ գիտեն, թե ինչ է ՁԻԱՀ-ը, հասկանում են ստուգվելու կարևորությունը, բայց, միևնույն է, չեն գնում հետազոտության»,-ասաց նա:
Էլինա Ազարյանը նշեց, որ մարզերում իրազեկումը բարձարցրացնելու խնդիր կա, քանի որ այնտեղ քչերն են գնում ստուգման, այն էլ՝ միայն Երևանից եկած բժշկի մոտ:
«Այդ ժամանակ ավելի վստահ են, որ գաղտնիությունը կապահովվի: Պարզ է, որ իրենց գյուղում տեղամասային բժշկի մոտ ավելի դժվար կգնան կամ ընդհանրապես չեն գնա հետազոտման»,-ասաց նա:










