Վաղը Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա. Պուտինին ցույց տալու բան չունեն, այլ՝ ՀՀ իշխանություններին

17:06 • 01.12.13

ՌԴ նախագահի՝ Հայաստան պետական այցի օրը (դեկտեմբերի 2-ին) մայրաքաղաքի Ազատության հրապարակում Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին «ոչ»-ի հանրահավաքին մասնակցող «Հայազն» կուսակցությունը բողոքի ակցիային մասնակցելով նպատակ ունի ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ ՀՀ իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը արժեք է:


«Կոնկրետ «Հայազն»-ը Պուտինին ոչինչ ցույց տալու չունի, մենք ցույց ենք տալու, որ Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությունը արժեք է, որը ոչ մեկս զիջելու մտադրություն չունենք, որ իշխանությունը չի ներկայացնում մեզ ու իրավունք չունի նման զիջումների գնալ»,- Tert.am –ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ են ուզում այդ հանրահավաքով ցույց տալ, ասաց կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:


Վաղը դեկտեմբերի 2-ն է՝ Առաջին հանրապետության անկման (Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը, որը համընկնում է 1920թ. Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), և այդ օրը գնալով Ազատության հրապարակ իրենք ցանկանում են ցույց տալ, որ «մենք այդ օրը հիշում ենք ու դասեր ենք քաղել»:


Գյումրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով ևս նախաձեռնող խմբի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել կողմնորոշվել ու համակարգի առաջ նստելով «Ֆեյսբուքում» չպայքարել։


«Անցել է մանրաքանդակ պաղ խոսքերի ժամանակը։ Թողեք մի կողմ ձեր այլազարմանազան տարաձայնություններն ու ոտքի ելեք Հայաստանի անկախության, արժանապատվության և զորության համար։ Էլ զիջելու, նահանջելու և արդարացման տեղ չի մնացել. Հայաստանը չի անդամակցելու սերժանտական մաքսային միությանը»,– գրել է նա՝ ավելացնելով, որ այսօրվա վարչախումբը, որը Հայաստանի գլխին նվաստացումներ և զրկանքներ է բերել իրավունք չունի Հայաստանի անկախության ու ինքիշխանության վրա կայֆավատ լինել»:


Հիշեցնեք, որ Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչը «Արժանապատիվ Հայաստան ֆեյսբուքյան նախաձեռնությունն է, ( այն թարգմանվել է նաև ռուսերեն достойная родина) :


Դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակ դուրս գալու համաձայնություն այսօր կեսօրի դրությամբ էր տվել 581 օգտատեր: Այսպես. վաղը ժամը 13:00 –ին մեկնարկող հանրահավաքին կգնան գրող հրապարակախոս Արփի Ոսկանյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Հայազն» կուսակցության վարչության Արմեն Հովհաննիսյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին և այլք:


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցնելով, որ իրենց կուսակցությունն է եղել նախաձեռնող խմբի կազմում, Tert.am –ին տեղեկացրեց, որ թեև իրենցից ոչ բոլորն են նշել, որ կմասնակցեն հանրահավաքին, այսուհանդերձ, կլինեն գրեթե ողջ կազմով: Նա նաև նշեց, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինի, քանի որ Հայաստանում չէ:


Նախաձեռնող խմբի անդամ կուսակցություններից «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ևս վաղը Ազատության հրապարակում չի լինի, քանի որ Tert.am–ի հետ զրույցում ասաց.« Չնայած մերոնք կլինեն, բայց քանի որ այնտեղ ընդգծված եվրոպական կարգախոսներ չեմ տեսնում, մերոնցից բայց ես նախապատրաստվում եմ իմ ամսի 6-ի հանրահավաքին: Եվ հետո ինձ համար էականը ոչ թե «ոչ» -ն է, (Մաքսային միության, եվրասիական ինտեգրմանը ), այլ թե դեպի ուր ես գնում»:


Պարույր Հայրիկյանը անգամ Մահաթմա Գանդիից մեջբերում արեց, որ «միայն նեգատիվով ոչ բանի չես հասնի», եթե չես ասում, թե ինչ ես ուզում: ««Ոչ» ասացին, իսկ «այո»-ն ո՞րն է»,-հարցրեց նա ու ինքն էլ պատասխանեց.«Այո-Անկախ Հայաստան՝ եվրոպական կողմնորոշմամբ»: Բայց, ամեն դեպքում, Պարույր Հայրիկյանը ողջունում է վաղվա հանրահավաքը:


Նախաձեռնության անդամ «Ազատ դեմոկրատները», ինչպես Tert.am –ին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը, կմասնակցի, սակայն հարցին, թե կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյա՞նի մակարդակով, ասաց, որ այս պահին չի կարող ասել:


Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի մեջ են՝«Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Երրորդ հանրապետություն», «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ»ը, «Իրավունքի և Ժողովրդավարության Զարգացման ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Քաղաքացիական գիտակցություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև՝ «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:


Հիշեցնենք, որ հանրահավաքը և երթը նաև նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանությունների՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան:


Ինչ վերաբերում է Նախախորհրդարանին,թե ինչո՞ւ չեն միանում, ապա կառույցի մամուլի քարտուղար Վարդան Հակոբյանը ի պատասխան հայտնեց.«Մեր խնդիրը Պուտինը չէ. չլիներ Պուտինը, գալուն էին Օբաման կամ մեկ ուրիշը: Մեզ համար ոչ մի տարբերություն չկա»: Իսկ Նախախորհրդարանի դիրքորոշումների մասին ավելի մանրամասն կլինի ավելի ուշ՝ հաղորդագրության տեսքով:


Ամեն դեպքում, Վարդան Հակոբյանը չբացառեց, որ հանրահավաքին անհատապես մասնակցեն Նախախորհրդարանի որոշ անդամներ: