Ռուսաստանը դեռ չի ազատվել «սառը պատերազմի» մենթալիտետից. Վրաստանի պաշտպանության նախարար
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ չի ազատվել «սառը պատերազմի» մենթալիտետից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hürriyet Daily News-ին:
«Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է լինենք եվրոպական ընտանիքի մաս: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առնվազն մեղմենք լարվածությունը»,- ասել է Ալասանիան:
«Կարծում եմ՝ միշտ պետք է օրակարգում մի բան ունենալ ու քննարկել, քան չխոսել և մասնակցել միայն ռազմական առճակատումներին»,- նշել է նախարարը:
Իրակլի Ալասանիան հավելել է, որ Ռուսաստանի որոշումը՝ հնարավորություն տալ օլիմպիական կրակը տանել օդաչուի, որը 2008-ին ռմբակոծել է վրացական գյուղերը, ևս մեկ անգամ հաստատում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը դեռ չի հրաժարվել «սառը պատերազմի» մենթալիտետից և առճակատումից:
Ալասանիան հավելել է, որ Վրաստանը հույս ունի ստանալ միջազգային հանրության աջակցությունը, իսկ շատ եվրոպական պետություններ բավականաչափ հասունացել են, որպեսզի մոտեցնեն Վրաստանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:










