Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին աջակցել Ուկրաինային

10:46 • 02.12.13

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Այս մասին տեղեկանում ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:


Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:


Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:


Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:


2 դեկտեմբերի, 2013թ.
ք. Երևան