Խորվաթների երկու երրորդը հանրաքվեի ընթացքում դեմ է քվեարկել միասեռ ամուսնություններին
Խորվաթիայում կիրակի օրը կայացած ամուսնության հասկացության սահմանադրական սահմանման հարցի վերաբերյալ հանրաքվեում ընտրողների գրեթե երկու երրորդը՝ 65,75 տոկոսը, դեմ է քվեարկել միասեռ ամուսնություններին: Նման միությունների օգտին է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 33,89 տոկոսը: Ինչպես հաղորդել է Ընտրական հանձնաժողովը՝ հաշվարկվել է ձայների 99,51 տոկոսը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ընտրողներին առաջարկվում էր ասել «այո» կամ «ոչ», որպեսզի սահմանադրության մեջ «ամուսնություն» հասկացությունը բնութագրվի միայն որպես տղամարդու և կնոջ միջև միություն: Ընտրական իրավունք այդ հանրաքվեում ուներ մոտ 3,8 միլիոն մարդ, սակայն մասնակցել է նրանց միայն 38 տոկոսը:
Հանրաքվեն «Ընտանիքի անունից» շարժման նախաձեռնությունն էր, որը հավաքել էր մոտ 750 հազար ստորագրություն, ինչպես նաև ստացել կաթոլիկ եկեղեցու և Խորվաթիայի աջ քաղաքական կուսակցությունների աջակցությունը: Վերջին մի քանի ամիսներին երկրում բուռն հասարակական քննարկումներ էին տեղի ունենում այդ թեմայով:
Երկրի նախագահ Իվո Իոսիպովիչն իր հիասթափությունն է հայտնել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, չնայած նշել է, որ դրանք կանխատեսելի են եղել:










